Բավարարվա՞ծ եմ այսօր՝ այո, անելիք չունե՞մ՝ լիքը. Կարեն Կարապետյանն՝ իր ծրագրերի մասին


Բավարարվա՞ծ եմ այսօր՝ այո, անելիք չունե՞մ՝ լիքը. Կարեն Կարապետյանն՝ իր ծրագրերի մասին
Փետրվար 24 14:34 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած պաշտոնական այցը որակում է շատ առարկայական, բովանդակալից ու «լցված»։

«Մենք շատ կոնստրուկտիվ աշխատանքային այց ենք ունեցել, որն ինձ անձամբ ոգևորում է», - Վրաստանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը։

Կարապետյանն ընդգծել է, որ հայկական կողմից վրացի գործընկերներին առաջարկ է եղել նայել հարաբերություններին ոչ միայն երկու երկրների, այլ՝ տարածաշրջանային առումով։

«Առաջիկայում հատուկ օր է նշանակվել Վրաստանի գործարարների համար, ովքեր կգան և կքննարկեն մեր առաջարկները», - հայտնել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով այն հարցին, թե հայկական կողմը շահագրգռվա՞ծ է, որ Երևանից Բաթումի հասնեն 5 ժամում, նա պատասխանել է.«Օրինակ՝ ես որ պատասխանեմ շահագրգռված չենք, դուք իմ ուղեղային կարողությունների մասին ի՞նչ կարծիք կկազմեիք։ Եկեք մի հատ մենք մեր ջեբի լոբիները հաշվենք, հասկանանք ինչ խնդիրներ են դրված մեր առջև։ Պարզ չի՝ մենք շահագրգռված ենք, որ Վրաստան գալացող տուրիստական հոսքն ուղղենք դեպի Հայաստան, քայլ առ քայլ կգնանք, ձեր տանը բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվում, չէ՞»։

Իսկ այն հարցին, թե 10-20 տարի անց ինչպիսի՞ն կլինի Հայաստանը, Կարապետյանն ասել է.  «Լինելու է այնպես, որ յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի, հպարտանալու է Հայաստանով, որովհետև մենք դրա իրավունքն ու ներուժն ունենք»։

Պատասխանելով այն հարցին, թե քանի՞ տոկոսով իրականացված կհամարի ՀՀ վարչապետն իր ծրագրերը, նա նշել է.  «Ինչ ծրագիր դրել եմ կատարելու՝ 100%, բավարարվա՞ծ եմ այսօր՝ այո, անելիք չունե՞մ՝ լիքը»:



loading...