Գործող մոդելով մեր առաջընթացի ռեսուրսները սպառվել են. Սեյրան Օհանյան


Գործող մոդելով մեր առաջընթացի ռեսուրսները սպառվել են. Սեյրան Օհանյան
Փետրվար 17 14:08 2017

«Այս գործող մոդելով մեր առաջընթացի ռեսուրսներն այլևս սպառվել են, մեզ պետք են նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր մտածելակերպ, ընդհանուր առմամբ նոր քաղաքական ու պետական վերնախավ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Պաշտպանության նախկին նախարար, դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ իրենց ծրագիրը մշակվում է, շուտով ներկայացվելու է հանրությանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման առաջին քայլը լավ թիմ հավաքելն էր, իսկ երկրորդ քայլով փորձ է արվում լուրջ ծրագիր ներկայացնել հանրությանը:

«Դրանում լինելու են և ահազանգեր, և առաջարկներ, և լուծումներ: Մենք խորությամբ գնահատում ենք անվտանգության այն միջավայրը, որը գոյություն ունի ՀՀ և Արցախի շուրջը և դրա վերաբերյալ համապատասխան պլանավորում ենք իրականացնում՝ մեր երկրի անվտանգությունը բարձր մակարդակի պահելու համար: Հարցերի հարցը, օրակարգի թիվ մեկ խնդին այսօր անվտանգությունն է: Մեր պետությունը գտնվում է շատ բարդ ու կոնֆլիկտներով լի մի տարածաշրջանում, և մենք դրա մասին մեկ վայրկյան անգամ մոռանալու իրավունք չունենք: Եթե անվտանգությունը լիարժեք չէ, ապա մյուս հարցերը որքան էլ կարևոր լինեն, պետք է դիտարկվեն հենց անվտանգության համատեքստում», -ասաց Օհանյանը: