Լավ հաշվարկ անելն ու խաբելը չպետք է նույնականացնել․ Դավիթ Մնացականյանի «Մաունթի»-ին գրավում է հայկական շուկան


Լավ հաշվարկ անելն ու խաբելը չպետք է նույնականացնել․ Դավիթ Մնացականյանի «Մաունթի»-ին գրավում է հայկական շուկան
Դեկտեմբեր 14 06:24 2017

«Made in Armenia» նախագծի հյուրն իդեալիստական հայացքներով գործարար, «Մաունթի» լեռնային թեյեր արտադրող ընկերության հիմնադիր Դավիթ Մնացականյանն է։ Երիտասարդ գործարարը վստահ է, որ սոցցանցերում ակտիվ բանավեճերի առիթ դարձած #գործկա-ն հենց այնպես չէ, որ ակտուալ է։ Հայաստանում աշխատանք իսկապես կա, պակասում է միայն աշխատելու ցանկությունը։

Դավի՛թ գաղափարը ցանկացած բիզնեսի նախահիմքն է։ Ձեր բիզնես գաղափարի պատմությունն ինչպիսի՞ն է։

Այս բիզնեսով զբաղվելու ցանկությունը պատահական է ծնվել։ Ընկերոջս հետ սրճարանում զրուցում էինք և մտածում, թե Հայաստանում ինչո՞վ կարելի է զբաղվել մեր հիմնական գործին զուգահեռ։ Ընկերս առաջարկեց թեյ արտադրենք։ Սկզբում ես չհամաձայնեցի։ Մտածում էի թե՞յ, որտեղի՞ց ենք ձեռք բերելու, ինչպե՞ս ենք սպառելու և նմանատիպ շատ հարցեր։ Մտածմունքների մեջ էի և մի օր առավոտյան ընկերս զանգեց, հանդիպեցինք, քննարկեցինք և սկսեցինք։ Գաղափարը նախորդ տարվա սեպտեմբերին առաջացավ և սեպտեմբերի կեսերից արդեն սկսեցինք աշխատել։ Անվանում, փաթեթավորում, թեյի տեսակներ․․․ Ի դեպ, անվանումը բառախաղ է։ Mountain (սար) և tea (թեյ) բառերը միացրել ենք և ստացել «Մաունթի» անվանումը։ Մոտավորապես 6 ամիս միայն փաթեթավորման և դիզայնի վրա ծախսեցինք։ Հետո շուկան ուսումնասիրելու պրոցեսը սկսվեց և հասկացանք, որ որոշ բացեր, իհարկե, կան։ Բայց, ի սկզբանե մեր նպատակը «Մաունթի»-ն արտահանելն էր, մասնավորապես՝ Ռուսաստան։

Իսկ ինչո՞ւ հենց Ռուսաստան։

Երբ ստեղծվեց «ԵԱՏՄ»-ն, գործարարների համար արտահանման գործընթացները բավականին դյուրին դարձան։ Իհարկե, ոչ այն աստիճանի, որ առանց որևէ խնդրի աշխատենք, բայց, ամեն դեպքում, որոշ հարկատեսակներ վերացել են։ 

Ժամանակակից աշխարհում բիզնես գաղափարներն իրենց մեջ պարունակում են նաև սոցիալական տարրեր։ «Մաունթի»-ի բիզնես կոնցեպտում նման տարր կա՞։

Այո, իհարկե։ Այս աշխատանքը ճիշտ է սեզոնային է, բայց սոցիալական մեծ նշանակություն ունի մեզ համար։ Հումքը մենք ձեռք ենք բերում Եղեգնաձորից։ Աշխատանքին ներգրավվում ենք գյուղացիներին, բավականին բարձր վարձատրում։ Ամռան ամիսներին շուրջ 40 մարդ թեյահավաք է իրականացնում։ Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա ընդամենը չորս աշխատակից ունենք․ վերամշակումն ու արտադրական մյուս պրոցեսները իրականացնում ենք Երևանում։ Առաջարկում ենք տարբեր թեյախառնուրդներ, ինչպես օրինակ՝ ուրց, դաղձ, ուրց և դաղձ, ուրց, սրոհունդ, երիցուկ։ Մի քանի հատուկ բաղադրատոմսեր ևս ունենք, որոնք արդեն հաջորդ տարի կներկայացնենք։ Ընդ որում, լինելու են ոչ միայն Հայաստանում աճող հայկական խոտաբույսեր, այլև Հայաստանում աճող, բայց ոչ հայկական խոտաբույսեր։

Շուկան ուսումնասիրել եք և տևական ժամանակ այդ շուկայի մի մասն եք կազմում։ Պահանջարկի մասին ի՞նչ կասեք Դավի՛թ։

Հայաստանում մենք ունենք արտադրողներ, ովքեր 10-15 տարի շուկայում են և բավականին մեծ սպառում ունեն։ Այս ընկերությունները մեզ համար օրինակ են և նրանց անցած ճանապարհն ուսումնասիրելով փորձում ենք սխալները չկրկնել։ Հայաստանի շուկայի փոքր լինելը խնդրահարույց է դարձնում վաճառք իրականացնելու պրոցեսը։ Մենք սկզբից աշխատում էինք ռուսական շուկայի համար, բայց հետո հասկացանք, որ Հայաստանում էլ ենք ուզում ներկայացված լինենք։ Թեև այստեղ վաճառքի մեծ ծավալներ չենք ակնկալում։ Հայաստանում «Մաունթի»-ն առաքում ենք 6 ցանցային սուպերմարկետ, ավելի քան 30 վաճառքի կետում այսօր հնարավոր է գնել մեր թեյերը։

Դավի՛թ, հայաստանյան բիզնես դաշտում որոշ միտում կարելի է տեսնել։ Երիտասարդ, բանիմաց, բնավ ոչ «փորով» գործարարներ են հայտնվել։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։ Սա կարծրատիպ կոտրելու փո՞րձ է, թե՞ թվացյալ ակտիվություն։

Փորն, իհարկե, լավ չէ, բայց ես այս հարցի պատասխանն այսպես եմ պատկերացնում։ Եթե գործարարը մեր երկրում կարողանում է բիզնես զարգացնել, ուրեմն նա նվազագույնը քթածակ ունի։ Գործարարի համար կարևոր է ազնվությունը։ Երբեք լավ հաշվարկ անելն ու խաբելը չպետք է նույնականացնել։ Կարծում եք մարդիկ կգնեի՞ն մեր թեյերը, եթե իմանային, որ բնական թեյի փոխարեն ներկանյութեր ենք օգտագործում։ Իհարկե՝ ոչ։ Մարդկանց խաբելը հեշտ չէ, ավելին՝ սխալ, գործը տանուլ տալու հիմնական պատճառ։ Եվ իհարկե, որքան երիտասարդ, այդքան նորովի մոտեցում, եռանդ ու աշխատասիրություն։ Հայաստանում գիտեք շատ են ասում, թե գործ չկա, սոցցանցերում դա ակտիվորեն շեշտադրվում է։ Իրականում գործ էլ կա, փող էլ, ուղղակի պետք է աշխատել։ Ես չեմ պնդում, որ ես միլիոններ եմ վաստակում, հակառակը՝ թեյերով ես դեռ գումար չեմ աշխատում, բայց․․․

Միլիոնների մասին խոսեցիք։ Իսկ ինչի՞ վրա եք ծախսելու։

Եթե դե՞մ չեք, ես այդ միլիոնը նախընտրում եմ դոլարի տեսքով (ժպտում է, հեղ․)։

Բնավ դեմ չեմ։

Բնության մեծ սիրահար եմ և իմ կյանքի նպատակն է անտառ տնկելը։ Մենք բնությունից շատ բան ենք վերցնում, պետք է մի բան էլ մենք տանք նրան։ Թեև դեռ այդ միլիոնը չկա, սակայն, բնության մասին մենք չենք դադարում մտածել և ցանկանում ենք «Մաունթի»-ն էլեկտրական շարժիչ ունեցող մեքենայով վաճառքի կետեր առաքել։ Այդ հնարավորությունը ստեղծվել է և առաջիկայում մենք էլեկտրական շարժիչով աշխատող մեքենա ենք ներգրավելու մեր աշխատանքում։

Դավի՛թ, իսկ սկսնակ գործարարներին ի՞նչ կասեք, ովքեր դեռ գաղափարի մակարդակում են և այն կյանքի կոչելու որոշ մտավախություններ ունեն։

Ամենադժվարն առաջին քայլն անելն է։ Ամեն բան հաշվարկել միանշանակ հնարավոր չէ, պետք է պրոցեսում բացահայտել։ Քայլ անել, չկոտրվել, չվախենալ և միշտ առաջ գնալ։ Համարձակությունը բիզնեսում կարևոր է։

Զրուցեց՝ Ալինա Նահապետյանը /Armday.am

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի



loading...