Հայ եկեղեցին սկսում է Առաջավորաց պահքը. ինչո՞ւ է այն տեւում 5 օր


Հայ եկեղեցին սկսում է Առաջավորաց պահքը. ինչո՞ւ է այն տեւում 5 օր
Փետրվար 6 10:03 2017

Այս տարի փետրվարի 6-ին սկսվում է Առաջավորաց պահքը (այն հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն), որը տեւում է հինգ օր` այս տարի մինչեւ փետրվարի 10-ը ներառյալ:

Առաջավորացը առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ կողմից, եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը` Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը` 65 օր շարունակ, Քրիստոսի հավատքն էր քարոզում եւ այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ եւ ապաշխարությամբ պատրաստվել Մկրտության:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաեւ այլ կերակուրներն ու մեղրը, եւ տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջեւ` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ այն որեւէ առնչություն չունի:

Իսկ ինչո՞ւ ենք հինգ օր պահք պահում։

Մեր Եկեղեցու Հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը եւ հայ ժողովուրդն ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) եւ շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի գղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն եւ ջանա այլեւս չկատարել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն եւ, թեեւ մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռեւս չէր տվել։ Այդ հրամանը (Տե´ս` Ծննդ. 1: 29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` հինգօրյա պահք սահմանել էին նաեւ Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ եւ այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը եւ Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաեւ նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետեւ այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել եւս Նոր Կտակարանի գրքերը: