Ալժիրում հայտնաբերվել է ահաբեկչություններ ծրագրող ԴԱԻՇ-ի բջիջ


Ալժիրում հայտնաբերվել է ահաբեկչություններ ծրագրող ԴԱԻՇ-ի բջիջ
Հուլիս 26 19:08 2017

Ալժիրի իրավապահ մարմինները հայտնաբերել են ԴԱԻՇ-ի ահաբեկչական բջիջ, որը ծրագրել էր ահաբեկչություններ իրականացնել երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Ալժիրի ոստիկանությանը հաջողվել է դուրս գալ բջջի հետքի վրա «Ալ-Քաիդայի» նախկին պարագլուխներից մեկի՝ Մուհամմադ Յասին Ակնուշի միջոցով։ Նա ձերբակալվել էր այս շաբաթ՝ մայրաքաղաքից 50 կմ հեռու։ Իշխանությունների ունեցած տեղեկություններով՝ նրա խմբավորումը հարձակումներ էր ծրագրել երկրի անվտանգության ծառայության աշխատակիցներրի վրա։

Նշվում է, որ Ակնուշը նախկինում եղել է «Զինված իսլամական խումբ» խմբավորման կազմում, որը կանգնած է մի շարք ահաբեկչությունների հետևում ինչպես Ալժիրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, այդ թվում 1995 թվականին Փարիզում։ 2004 թվականին Ակնուշը ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։