Աշխարհը փոխած հանճարների տարօրինակությունները


Աշխարհը փոխած հանճարների տարօրինակությունները
Հունվար 22 00:44 2017

Թոմաս Էդիսոն
Հանճարեղ գյուտարար Թոմաս Էդիսոնը, ում պատկանում են շիկացման լամպի, կինեսկոպի և ֆոնոգրաֆի գյուտները, չափից դուրս աշխատասեր էր և աշխատում էր օրական մինչև 20 ժամ, իսկ երբեմն ընդհանրապես չէր քնում: Էդիսոնը չէր սիրում նաև տեսական հաշվարկները և կարծում էր, որ միայն աներևակայելի համառությունը և նպատակաուղղվածությունը կարող են օգնել բացահայտումներ կատարել: Հայտնի է, որ հենց նա է առաջարկել վերահսկողությունից դուրս եկած Տոփսի անունով կրկեսային փղին սատկացնել էլեկտրական հոսանքի օգնությամբ, քանզի, ըստ Էդիսոնի, փոփոխական հոսանքը մահապատժի ավելի մարդկային ձև է, քան կախելը:

Իլյա Իվանով
Խորհրդային կենսաբան Իլյա Իվանովը հայտնի է դարձել ընտանի կենդանիների խաչասերման փորձերի շնորհիվ, սակայն նրա գլխավոր նպատակը խաչասերման միջոցով մարդու և կապիկի հիբրիդ ստանալն էր: Նա մի քանի փորձ է կատարել ինչպես էգ կապիկներին, այնպես էլ կանանց բեղմնավորելու, սակայն հաջողության չի հասել: Գիտնականը և նրա աշխատությունները ենթարկվել են քաղաքական քննադատությունների, որոնց արդյունքում Իվանովը ձերբակալվել և աքսորվել է Ալմա-Աթա:

Սիդնի Գոթլիբ
Ամերիկացի զինվորական հոգեբան և քիմիական գիտությունների դոկտոր Սիդնի Գոթլիբը ծառայում էր ԿՀՎ-ում և երբեմն կյանքի էր կոչում ամենախելահեղ և սարսափելի գաղափարները: Հայտնի է, որ նա պատրաստվել է թալիումի փոշի լցնել Ֆիդել Կաստրոյի կոշիկների մեջ, որպեսզի Կուբայի նախագահի մորուքը թափվի: Ամենայն հավանականությամբ դա կավարտվեր Կաստրոյի մահով, սակայն փորձն ի կատար չի ածվել:

Ռոբերտ Չեսբրո
Քիմիկոս Ռոբերտ Չեսբրոն ոչ միայն ուսումնասիրել է նավթը և տարբեր նավթամթերքներ, որոնց արդյունքում ստացել է վազելինը, այլև, առասպելի համաձայն, ամեն օր այն կերել է, ինչն էլ գիտնականին օգնել է ապրել 96 տարի:

Պալ Էրդյոշ
Հունգարացի մաթեմատիկոս Պալ Էրդյոշն այնքան նվիրված էր իր աշխատանքին, որ երբեք չի ամուսնացել և անընդհատ մասնակցել է տարբեր գիտական համաժողովների և այցելել է գործընկերներին՝ կիսվելու իր մտքերով և հոդվածներ պատրաստելու: Նա նաև ամֆետամիններ էր օգտագործում՝ կարծելով, որ մտավոր գործունեության վրա դրանք դրական ազդեցություն են ունենում:



loading...