Կիվիի բուժիչ և օգտակար հատկությունները


Կիվիի բուժիչ և օգտակար հատկությունները
Հունվար 22 00:36 2017

Բժիշկները կիվին համարում են իսկական վիտամինային ռումբ, քանի որ այն իր մեջ պարունակում է մրգերի ու բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ ու հանքային նյութեր: Այս թավշյա փոքրիկ գնդիկը հարուստ է հատկապես վիտամին C-ով: Ուրիշ ոչ մի մրգի մեջ վիտամին C-ի նման քանակություն չկա: Եթե ամեն օր մեկական կիվի ուտեք, ձեր օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»: Ալերգիկներին եւ մինչեւ 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կիվի օգտագործել' ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար: Բույսը, որը մենք կիվի ենք անվանում, հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, եւ նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում: Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է: 1906 թվականին չինական ակտինիդան սկսեցին հաջողությամբ մշակել Նոր Զելանդիայում եւ մրգին «կիվի» անունը տվեցին, քանի որ այն շատ նման էր առանց թեւերի, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչունին:
Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է նաեւ E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնիում) եւ ֆլավոնոիդներով, ինչպես նաեւ այն պարունակում է մրգաթթու եւ պեկտիններ: Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդան սովորաբար օգտագործում են մարսողության լավացման, ռեւմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձեւավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար: Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը: Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձեւավորումը, ունեն հակաուռուցքային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը: Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակային ճարպային պաշարիչները: Որպես հետեւանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը: Օրվա մեջ' 2-3 կիվի, եւ մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի: Այն ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը:
Ինչպես ենթադրում են բժիշկ-սրտաբանները' կիվիի պտուղները կարող են ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը դառնալ: Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր եւ պատիճներ պատրաստել: Կարծիք կա, որ եթե կիվին հասած է, ավելի համեղ է: Այն կարելի է դնել թղթի տոպրակի մեջ խնձորի, բանանի կամ տանձի հետ. այդպես ավելի արագ է հասունանում: Մրգի հասած լինելը օգտակար նյութերի քանակի եւ որակի վրա չի ազդում: Կիվին հիանալի մաքրում է մաշկը եւ միեւնույն ժամանակ այն հագեցնում է կարեւոր վիտամիններով: Կիվիից շատ սնուցող դիմակներ են պատրաստում: Օրինակ' մրսածության հետեւանքով առաջացած վիրուսային հիվանդությունների դեպքում կամ գրիպի համաճարակների ժամանակ շատ լավ օգնում է կիվիի եւ լորենու մեղրի խառնուրդը: Դրա համար անհրաժեշտ է կիվին պատառաքաղով տրորել ու ավելացնել 1 թեյի գդալի չափով լորենու մեղր եւ ուտել երեկոյան' քնելուց առաջ: Այրվածքների կամ ցրտահարված մաշկի դեպքում կարելի է կիվին տրորել, ավելացնել 1 թեյի գդալ զեյթունի ձեթ եւ քսել մաշկի վնասված հատվածին: Վերքն արագ կապաքինվի: Շատ օգտակար կոկտեյլ է ստացվում գազարով, կիվիով ու մածունով: Հարիչով մանրացնել 3 գազարը, 1 կիվին, ապա ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու 1 բաժակ մածուն: Այս վիտամինային կոկտեյլը հատկապես շատ լավ օգնում է օրգանիզմին՝ վերականգնվելու վիրուսային հիվանդություններից հետո:
Եթե աչքերի շուրջը նկատում եք այտուցներ, կօգնի կիվիի բարակ շերտերով կոմպրեսները. պարզապես պետք է բարակ շերտերով կտրատել այն ու դնել աչքերի վրա, իհարկե, փակ վիճակում եւ թողնել 15-20 րոպե: Այնուհետեւ անհրաժեշտ է աչքերը լվանալ սառը ջրով ու կոպերին սնուցող քսուք քսել: Կիվիի յուղը շատ լավ մաշկի խնամքի միջոց է հանդիսանում' անկախ մաշկի տեսակից: Իհարկե, խորհուրդ չի տրվում այն օգտագործել ինքն իրենով, այն պետք է պարզապես դիմակների մեջ հավելումների տեսքով օգտագործել: Մաշկը սնուցող դիմակ է բանանով ու կիվիով դիմակը: Կես բանանը տրորել 1 միջին չափի կիվիի հետ, ավելացնել 2 ճաշի գդալ բնական յոգուրտ: Դիմակը քսել դեմքին ու 15 րոպե հետո լվանալ գոլ ջրով: