Փախստականների ճամբարի ուղղությամբ Նիգերիայի ռազմաօդային ուժերի հարվածի զոհերի թիվը հասել է 236-ի


Փախստականների ճամբարի ուղղությամբ Նիգերիայի ռազմաօդային ուժերի հարվածի զոհերի թիվը հասել է 236-ի
Հունվար 21 23:41 2017

Նիգերիայի հյուսիս-արևելքում փախստականների ճամբարի ուղղությամբ այդ երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի սխալ հարվածի հետևանքով զոհվածների թիվը, ենթադրաբար, հասել է 236-ի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) կազմակերպությունը հաստատել է առնվազն 90 մարդու մահը:

«Ըստ նրա, ինչ ինձ ասացին մարդիկ, որոնք սեփական ձեռքերով են թաղել զոհվածներին, նրանք 234 սպանվածի են թաղել: Ավելի ուշ ինձ հայտնեցին, որ ավելի վաղ տարհանվածներից երկուսը մահացել են»,-ասել է Կալա-Բալգե շրջանի ղեկավարը:

Երեքշաբթի Նիգերիայի բանակի ներկայացուցիչ գեներալ Լաքի Իրաբորը հայտարարել էր, որ «Բոկո Հարամ» արմատական խմբավորման գրոհայինների դեմ առաքելության ընթացքում Նիգերիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը սխալմամբ ռումբեր է նետել փախստականների և հումանիտար ծառայությունների աշխատակիցների վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: