2016-ի կարեւորագույն իրադարձությունները


2016-ի կարեւորագույն իրադարձությունները
Դեկտեմբեր 27 16:39 2016

Armday.am-ը շարունակում է ամփոփել անցնող տարին: Շարքի այս հատվածում կներկայացնենք 2016 թվականին տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները: Դեպքեր, որոնք զարգացան ընթացիկ տարում՝ ինչ-որ ձեւով փոխելով նաեւ քաղաքական ու հասարակական կյանքի ընթացքը:

Ապրիլյան քառօրյա պատերազմ:2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը սանձահարեց ռազմական գործողություններ: Հակառակորդի նենգ գնդակին հայ զինվորը արժանի դիմադրություն ցույց տվեց: Օրեր շարունակ հայ հասարարակական ու քաղաքական միտքը սեւեռված էր սահմանին, ուր կյանքի ու մահվան կռիվ էին տալիս շարքային զինվորը, հրամանատարն ու սահմանին ապրող ՀՀ քաղաքացին: Պատերազմը, սակայն, առանց զոհերի չի լինում: Հայկական կողմը ունեցավ կորուստներ: Երիտասարդ տղաներ, որոնք զորակոչվել էին բանակ, ցավոք, տուն չեն դառնա: Հարյուրավոր տղաներ զոհվեցին մեր բոլորիս խաղաղությունը ապահովելու համար: Անուններ, որոնք երբեք չեն մոռացվի, քաջագործություններ, որոնց մասին երկար կխոսվի: Ապրիլյան քառօրյա պատերազմը միավորեց ընդդիմադիր ու իշխանական թեւին, միավորեց հայ հասարակությանը: Այս կերպ թշնամին հասկացավ մեկ պարզ ճշմարտություն`հայկական երկու անկախ պետությունների նկատմամբ ցանկացած ոտձգություն համարժեք դիմադրության կարժանանա:

2016 կարեւոր իրադարձությունների շարքում Armday.am-ն առանձնացրել է նաեւ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի գրավումը: 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան զինված պատանդառություն Երևանում, որն իրականացվեց «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից՝ Էրեբունու ոստիկանության գումարտակի գրավումով: Շուրջ մեկ ամիս մայրաքաղաք Երեւանի կենտրոնում իրադարձությունները բուռն զարգացում ունեցան: Տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանության «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների: Երկրի ուժային կառույցների ղեկավարները հրահանգեցին խմբի անդամներին հանձնվել իրավապահ մարմիններին: Հետո բանակցություններ, որոնք ավարտվեցին խմբավորման անդամների զենքը վայր դնելով եւ իշխանություններին հանձնվելով: Հուլիսի 31-ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսվեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմն էր Վիտալի Բալասանյանը: Քիչ անց ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց և զինված խմբի անդամներին որակեց ահաբեկիչ և գործողությունը անվանեց հակաահաբեկչական։ ՊՊԾ գնդի գրավումն ու հետագա գործողությունները դարձան ոստիկանության երեք աշխատակիցների մահվան, բազմաթիվ քաղաքացիների վիրավորման պատճառ: Իրադարձությունները չշրջանցեցին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներին: Սարի թաղում տեղի ունեցած բողոքի ակցիաներից մեկի ժամանակ դաժան ծեծի ենթարկվեցին տեղում իրենց մասնագիտական պարտքը իրականացնող մեր գործընկերները:

Անցնող տարվա կարեւոր իրադարձություններից էր ՀՀ Կառավարության հրաժարականն ու նոր գործադիր իշխանության հաստատումը: 2016 թվականի սեպտեմբերի 8-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց: Նրա հրաժարականի մասին խոսվում էր դեռեւս ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ: Աբրահամյանի հետ հրաժարական ներկայացրեց նաեւ ամբողջ կառավարությունը: Հայաստանի 14-րդ վարչապետ նշանակվեց Երեւանի նախկին քաղաքապետերից Կարեն Կարապետյանը, ով երկար տարիներ ապրել եւ աշխատել էր Մոսկվայում, եւ տարբեր ընդդիմադիր գործիչների կարծիքով՝ Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելու որոշումն ընդունվել էր Կրեմլում: Նոր Կառավարությունը ձեւավորվեց, որի արդյունքում գործադիրի հնաբնակներից շատերը հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին: Կարապետյանը բերեց անկուսակցական իր թիմին, ովքեր, սակայն, շուտով վարչապետի գլխավորությամբ անդամակցեցին ՀՀԿ-ին:

«Այց առաջին քրիստոնյա երկիր»: Հենց այս կարգախոսով 2016 թվականի հունիսի 24-ին Հայաստան այցելեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը: Պետական մակարդակով ընդունելություն Հայաստանում, շրջայց Հանրապետության երկրորդ քաղաքում: Երկու օր շարունակ Հայաստանն ապրեց Հռոմի Պապի այցով: Բազմահազար քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ անձամբ տեսնելու Հռոմի Պապին:

Անցնող տարին աչքի ընկավ նաեւ սպորտային լուրջ հաղթանակներով: Ռիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերի ժամանակ հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն: 20 տարվա դադարից հետո օլիմպիական ոսկե մեդալը նվաճեց «Սպիտակ արջը»՝ ուրախություն պարգեւելով համայն հայությանը:

Սպորտային հաջողությունների շարքում առանձնանցենք նաեւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ գոլերը: Անցնող տարվա ընթացքում ֆուտբոլասերները ու մարզական անցուդարձից հեռու քաղաքացիները մեկ անգամ չէ որ տպավորվեցին եւ ոգեւորվեցին Հենրիխ Մխիթարյանի լավագույն խաղերով:

Տարվա կարեւորագույն իրադարձություններն ամոփենք Ավրորա մրցանակաբաշխությամբ: Բուրունդիից Մարգարեթ Բարանկիցեն ապրիլի 24-ին հռչակվեց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը։ Մրցանակը նրան հանձնեց Ընտրող հանձնաժողովի համանախագահ, հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը հենց այդ նպատակով ապրիլի 22-ին ժամանել էր Հայաստան: Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին: 2008 թվականին նա հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Այսպիսին էր անցնող տարվա կարեւոր իրադարձությունները Armday.am-ի տեսանկյունից:

Փայլակ Ֆահրադյան



loading...