Այստեղ ես զգում եմ ինչպես իմ տանը, իմ ընտանիքի հետ. «Ավրորա 2017»­-ի դափնեկիր


Այստեղ ես զգում եմ ինչպես իմ տանը, իմ ընտանիքի հետ. «Ավրորա 2017»­-ի դափնեկիր
Մայիս 28 23:48 2017

Երևանում մայիսի 28-­ին անցկացված «Ավրորա 2017» մարդասիրական մրցանակի դափնեկիր ամերիկացի Թոմ Քաթինան իր երախտագիտությունը հայտնեց մրցանակին արժանանալու համար։ «Անչափ շնորհակալ եմ նախեւառաջ մրցանակաբաշխության համահիմնադիրներին, ողջ հանձնախմբին։ Նման աշխատասեր եւ պրոֆեսիոնալ մարդկանց կյանքում չէի տեսել՝ իրենց գործին նվիրված երիտասարդների։ Երբեք այսքան ջերմ ու հյուրընկալ մարդկանց չէի տեսել։ Այստեղ ես զգում եմ ինչպես իմ տանը իմ ընտանիքի հետ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ»,­- նշեց Թոմ Քաթինան։

Նա «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ է, ով Սուդանի պատերազմական Նուբայի լեռներում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է: Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի: Բժիշկը կարողացել է Հայաստան ժամանել միայն այն բանից հետո, երբ երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել:

Գնդապետ Գեւորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չեն վարանել, երբ իմացել են, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում:

Այս տարվա մրցանակաբաշխության դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, աշխարհահռչակ երգահան և շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը, «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդները, հյուրեր: