«Ավրորա»-­ի առաջին դափնեկիրը ներկա է «Ավրորա 2017» մրցանակաբաշխությանը


«Ավրորա»-­ի առաջին դափնեկիրը ներկա է «Ավրորա 2017» մրցանակաբաշխությանը
Մայիս 28 21:43 2017

«Ավրորա 2016» մրցանակի առաջին դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն մի խումբ հյուրերի հետ ժամանել է Կ. Աճեմյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու «Ավրորա 2017» մրցանակաբաշխությանը: Մեկ տարի առաջ նա դարձավ անդրանիկ մրցանակաբաշխության առաջին դափնեկիրը: Մարգարիտ Բարանկիցեի խոսքով՝ այդ պահից նրա կյանքը լիովին փոխվեց:

«Հայերն ինձ տալիս են հույս, ուրախություն են տարածում բոլոր նրանց, ովքեր տառապում են: Դուք հասկանում եք մեր տառապանքը, որը հիմա ավելի նվազել է: Հայերը նույնպես տանջվել են, սակայն պահպանել են իրենց արժանապատվությունը, հույսը: Նրանք սեր են տալիս: Այժմ Հայաստանն իմ սրտում է, ես այս համայնքի անդամն եմ: Հայերն ինձ կոչ են անում չհիասթափվել՝ առաջ գնա, շարունակիր: Հիմա մենք պետք է միանանք Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին եւ Ռուբեն Վարդանյանին, որպեսզի փոխենք աշխարհը, որովհետեւ նրանք հրաշալի աշխատանք են կատարում»,­- «Արմենպրես»-­ի հետ զրույցում ասաց նա:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ավրորա» 2017 թվականի մրցանակաբաշխությունը: «Ավրորա» 2017 թվականի մրցանակի հավակնորդներն են.

«Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ, մայր եւ դուստր Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը՝ Սոմալիից: «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, Աֆղանստանում կրթական ծրագրերի միջոցով կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողող Ջամիլա Աֆղանին:

Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող Մուհամադ Դարվիշը, ով վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են:

Գինեկելոգ­-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր Դենիս Մուկվեգեն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից: Նա բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:

Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ ամերիկացի Թոմ Քաթինան, ով Սուդանի պատերազմական Նուբա լեռներում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է: Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի:

Այս տարվա մրցանակաբաշխության դափնեկիրը կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին: