«Փաստ» թերթը զրուցել է նախկին ԲՀԿ–ական պատգամավոր, «Սեւ հովազ» ազատամարտիկների ՀԿ–ի նախագահ Ռուստամ Գասպարյանի հետ։
Ձեզ Արմավիրի քաղաքապետի պաշտո՞ն է առաջարկվել, եւ Դուք հրաժարվե՞լ եք:
Ինձ չեն առաջարկել ոչ մի բան, ոչ էլ ես հրաժարվել եմ կամ էլ ցանկություն եմ հայտնել: Եթե կզգան ինչ–որ տեղ, ինչ–որ ձեւով ես կարամ օգտակար լինեմ, մեր ժողովրդին, մեր երկրին, պատրաստ եմ օգտակար լինել:
Ձեր պաշտպանած Ալիկ Պետրոսյանը չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել: Նշանակո՞ւմ է, որ Դուք այնքան էլ լավ չեք պաշտպանել իրեն:
Ես ինչքան կարողացել եմ՝ օգնել եմ, ու ոչ միայն իրան, իսկ որ անցավ, թե չանցավ, դա արդեն իմ խնդիրը չի: Օգնել եմ մեր տղաներին իր արած բարեգործությունների համար, ես էլ փորձել եմ ձայներով հատուցել:
Պարոն Գասպարյան, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը երեկ դուրս եկավ բանտից ու անցավ ակտիվ պայքարի, նստացույց է անում կառավարության դիմաց: Չե՞ք կարծում, որ մյուս ազատամարտիկները՝ նաեւ Ձեր ջոկատի, եւս պետք է ավելի ակտիվ լինեն ու դուրս գան պայքարի:
Ինչի՞ համար: Իմ ազատամարտիկները հիմա դիրքերում են, պահում են երկրի սահմանները, ավելի կարեւոր հարցերով են զբաղված, քան թե ստեղ սութի– մութի դրոշակ ծեծելով, կուրծք ծեծելով կամ էլ պլակատ պահելով:
Ասել է թե՝ կարծում եք, Վոլոդյա Ավետիսյանի ակցիան դա «սուտի–մուտի դրոշակ ծեծե՞լ է»:
Ես լուրջ բան որեւիցե մեկի կողմից որեւիցե մի տեղ չեմ տեսնում:
Այսինքն՝ Ձեր ջոկատը չի միանա, չի մասնակցի իր ակցիային:
Իմ ջոկատը էսօր պայմանագրային ծառայության ա անցել, քաղաքական ոչ մի առումներով ոչ մի տեղ չի մասնակցում:
Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ երկիրը դատարկվում է հենց քաղաքական գործունեության արդյունքում, ոչ միայն՝ պատերազմի վտանգի: Այդտեղ Դուք եւ Ձեր ազատամարտիկները անելիք չունե՞ք:
Իմ ազատամարտիկների անելիքը քաղաքական ոչ մի բան է: Իրենք պահում են մեր երկրի սահմանները: Որեւիցե ձեւով քաղաքական ընդվզումներին չեմ միանա, քանի որ բազմիցս, տարիներ շարունակ եղել եմ էդտեղ ու զգացել եմ, որ սուտ է ամեն ինչ:
Քաղաքական պայքա՞րն է սուտ:
Իհարկե: Բոլորն էլ իրանց շահերն են հետապնդում, ու վերջում էն ներքեւի տղաները մնում են կոտրած տաշտակի առջեւ:
Բոլորը ասելով ո՞ւմ նկատի ունեք:
Բոլորը, ովքեր էսօր սուտի ընդդիմություն են խաղում:
Դա՞ էր պատճառը, որ Դուք գերադասեցիք անցնել իշխանության կողմը:
Ես պետության կողքին եմ, մեր երկրի կողքին եմ, մեր սահմանների կողքին եմ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում