Մարգարյանի, Փաշինյանի և Փոստանջյանի ուժեղ կողմերը. ով ինչով է առանձնահատուկ


Մարգարյանի, Փաշինյանի և Փոստանջյանի ուժեղ կողմերը. ով ինչով է առանձնահատուկ
Ապրիլ 25 22:55 2017

Մայիսի 14-ին Երևանում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ից և կտևի մինչև մայիսի 12-ը՝ ներառյալ: Ե

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «ԵԼՔ» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ և Հանրապետական կուսակցությունը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:Քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, որոնց նմանություններին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարկման մեջ:

Armday.am-ը նաև որոշել է առանձնացնել Երևանի քաղաքապետի երեք թեկնածուների տարբերությունները՝ դիտարկելով դրանք որպես առավելություն կամ, այլ կերպ ասած, որպես ուժեղ կողմ: Նշենք, որ դիտարկումները կարող են սուբյեկտիվ թվալ և չհամընկնել ընթերցողների կարծիքի հետ, այս թվում մեր դիտարկումները կարող են չկիսել նաև քաղաքապետի երեք թեկնածուները: 

Եվ այսպես, նախ ներկայացնենք Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով գլխավորում է ՀՀԿ-ի ցուցակը:

Տարոն Մարգարյանը Երևանի 11-րդ քաղաքապետն է, իր կարիերան սկսել է 2001թ.կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումից: 27 տարեկան հասակում ընտրվել է Երևանի Ավան համայնքի ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում: 2009 թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թ. նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված ՀՀ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին: 2013 թ. գլխավորել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը «Ավելի լավ Երևան» կարգախոսով, իսկ արդեն 2017թ. ՀՀԿ-ի կարգախոսն է՝ «Հանուն Երևանի»:

Տարոն Մարգարյանի առավելությունը (ուժեղ կողմը) նրա՝ իշխանության մաս լինելն է, ինչը ենթադրում է վարչական բազմաթիվ լծակների հնարավորություն, սակայն չենք կարող չնշել նաև նրա փորձի մասին, որը, բնականաբար, կուտակվել է տարիների ընթացքում: Մարգարյանն ունի նաև մեծ թիմ, որը նրա կողքին է յուրաքանչյուր իրավիճակում, իսկ առավել հաճախ, երբ որևէ մեկը որևէ կերպ փորձում է քննադատել նրան կամ նրա գործունեությունը. հակահարվածը չի ուշանում, այս հավատարմությունն, ինչ խոսք, գովելի է:

Մեր դիտարկմամբ, ՀՀԿ-ի ներկայացրած նախընտրական ծրագիրը ևս բավականին գրագետ ու պարզ է գրված, կուսակցութունը որոշել է ենթաբաժինների միջոցով ներկայացնել ողջ ծրագիրը՝ նախ խոստումներ տալով, ապա խոսելով նաև կատարած աշխատանքի մասին: Այլ բան է, որ ՀՀԿ-ն բավականին երկար ժամանակ ունեցել է արդեն այդ գեղեցիկ ու լավ շարադրված մտքերը իրագործելու համար, թե ինչն է խանգարել, սա արդեն այլ թեմա է:

«ԵԼՔ» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ունի համախոհների մեծ բանակ, սրա ապացույցը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն էին, նա ընտրվեց 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, սակայն որոշեց ուժերը փորձել նաև որպես քաղաքապետի թեկնածու: Փաշինյանը մտշապես աչքի է ընկել որպես ուժեղ հռետոր, նրա խոսքը ազդեցիկ է, սուր ու միևնույն ժամանակ պարզ: ԱԺ ընտրությունների քարոզարշավից մինչև քաղաքապետի ընտրությունների քարոզարշավ նա նոր մշակույթ բերեց քաղաքական դաշտ՝ տանիքներ, երգ-երաժշտություն և միայն իրեն հատուկ շփում քաղաքացիների հետ: Փաշինյանն, ըստ էության, ունի բոլոր շանսերը Երևանի քաղաքապետ դառնալու համար, որքան էլ ոմանք ընդգծեն նրա ծննդավայրի մասին փաստը, կամ այս բնագավառում փորձ չունենալու հանգամանքը: Այս ողջ ընթացքում պարզ է մեկ բան, այս թեկնածուն իրոք հավատում ու հավատացնում է շատ-շատերին, որ «ելք կա»:

Քաղաքապետի միակ կին թեկնածուն 5-րդ գումարման ԱԺ-ի ամենահամարձակ ու էմոցիոնալ օրենսդիրն է: Բոլորն են հիշում, թե ինչպես էր Փոստանջյանը իսկական մարտիկի պես կռվում հանուն արդարության՝ ամենատարբեր հարցերում:

Իր ուժերի հանդեպ այս գործչի ունեցած հավատը միայն հարգանքի է արժանի, վերջին տարիներին հենց նրան հետ էին ասոցացնում այն քաղաքական ուժին, որից, ի վերջո, նա դուրս եկավ: «Ժառանգության» միակ իսկական ժառանգորդը լքեց կուսակցությունն իր սկզբունքների համար՝ այս կերպ ապացուցելով, որ իր համար գաղափարներն են առաջնային: Փոստանջյանի առավելություններից մեկն էլ նրա սրտացավությունն ու էմոցիաններն են, որոնք, ինչպես ինքը վերջերս նկատեց, շատ կարևոր են քաղաքականության մեջ: Նրա «Երկիր Ծիրանի»-ն ընտրություններին մասնակցում է «Արևի քաղաքին մարդկային ջերմություն» կարգախոսով: Այդ ջերմությունը նա քարոզարշավի հենց առաջին օրը, կարծես թե, փորձեց տարածել հեծանվաերթ անցկացնելով ու ապացուցելով, որ օրիգինալ գաղափարներով ինքը ևս կարող է առանձնանալ: Փոստանջանը նաև չի մոռանում ամենակարևոր հանգամանքը՝ ինքը մյուս թեկնածուներից տարբերվում է նրանով, որ կին է ու դրանով, կարծես թե, ամեն ինչ ասված է: