Երևանում կայացավ Լեհաստանում հայ համայնքի 650-ամյակին նվիրված «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» ցուցահանդեսը


Երևանում կայացավ Լեհաստանում հայ համայնքի 650-ամյակին նվիրված «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» ցուցահանդեսը
Ապրիլ 25 22:26 2017

Երևանում կայացավ «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը նվիրված էր Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին։
«Լվովի հայկական այդ տաճարը, բարեբախտաբար, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լավ է պահպանվել։ Իհարկե, դրա ավարտից հետո այն կիրառվել է որպես Լվովի պատկերասրահի նկարների պահեստ, սակայն երկար տարիներ չօգտագործվելու պատճառով դանդաղ քայքայվել է։ Այսօր արդեն եկեղեցին կրկին ստացել է իր պաշտամունքի վայրի նշանակությունը, ինչն էլ հնարավորություն է ստեղծել սկսելու վերանորոգման աշխատանքները։ Այժմ տաճարը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։ 2007 թվականից սկած Լեհաստանի կառավարության ջանքերով լեհ հայտնի նկարիչների շնորհիվ նկարազարդվել էր որմնանկարներով»,- ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։
2015թ-ին ավարտվել են Լվովի հայկական տաճարի գլխամասի վերականգման աշխատանքները: Յոթը տարի տևած աշխատանքները ֆինանսավորվել են Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից, իսկ դրանց իրականացման համակարգողն է եղել Ժառանգության ակադեմիայի շրջանավարտների միությունը: Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին նախ հիշեց Հայոց ցեղասպանության նահատակներին և ասաց, որ ինքն էլ է կիսում այդ ցավը։
«Այսօր մենք բացում ենք մի ցուցահանդես, որը նվիրված է պատմության ավելի լավատեսական հատվածին։ Այսօր մեզ հնարավորություն է տրված ներկայացնել հանրությանը մեր պատմության մի մեծ դրվագ»,- նշեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին։ Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը` լեհահայ համայնքը, ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում։ Լվովը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։
Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից։ Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ։ Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև մայիսի 27-ը։